Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել՝ կապված ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանն ընտրողաբար հեռարձակելու հետ:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:

2013 թվականի ապրիլի 10-ի ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում իմ կողմից գրավոր ընթացակարգով ներկայացված հարց է հնչեցվել, որին պատասխանել է ՀՀ Ֆինանասների նախարարը, սակայն Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով Օրենքի վերոնշյալ պահանջը, հեռարձակվող ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից կտրել-հանել է իմ կողմից հնչեցված հարցն ու դրա պատասխանը:

Քանի որ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կրճատումները նոր երեւույթ չեն Հանրայինում, ինձ չի զարմացրել այդ հանգամանքը, բայց զարմացրել է այն, որ այս քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամ չի եղել, եւ հետեւաբար դրա հեռարձակման կարիքն էլ չի եղել, ինչպես յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ, սակայն այդքան խնայված եթերային ժամանակն անգամ Հանրայինի ղեկավարությանը հետ չպահեց իմ կողմից հնչեցված հարց ու պատասխանը կտրելուց:

Սրանից հետեւում է, որ քանի որ իմ կողմից հնչեցված հարցը վերաբերվում էր ՊԵԿ-ի կողմից իրականացվող ճնշումներին, Հանրային հեռուստաընկերությունը կամ վախեցել է եթեր հեռարձակել այն կամ էլ լավություն է արել ՊԵԿ-ին:

Ելնելով վերոգրյալից` բնականաբար դատապարտում եմ Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը եւ բոլոր լրատվամիջոցներին խնդրում եմ հարց ու պատասխանի տեսագրությունը հնարավորինս շատ տարածել, որպեսզի ստեղծված տեղեկատվական շրջափակումը վերացվի եւ հանրությունը տեղեկանա, թե ինչպես է աշխատում ՊԵԿ-ը եւ թե ինչպես պետք է պայքարել, եթե տնտեսվարողը հայտնվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի կարգավիճակում»: