Մարդկությունը պետք է մտածի իր բնակավայրը փոխելու մասին: «Փխրուն մոլորակ» Երկիրը հազար տարի հետո կյանքի համար պիտանի չի լինի, հայտարարել է բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում` Cedars-Sinai բժշկական կենտրոնում, որտեղ նրան ցույց են տվել ցողունային բջիջների լաբորատորիան:
«Եթե մենք հասկանանք` ինչպես է աշխատում տիեզերքը, կկարողանանք վերահսկել այն»,- հավաստիացրել է ֆիզիկոսը: «Նայեք վերեւ` աստղերին, այլ ոչ թե ձեր ոտքերի տակ: Հետաքրքրասեր եղեք: Ինչքան էլ որ կյանքը խրթին լինի, միշտ էլ կա ինչ-որ բան, որին կկարողանաք հասնել»,- կոչ է արել Հոքինգը, հայտնում է ՌԲԿ-ն:
Ինչպես գրում է «Ուտրո.ռու»-ն, Հոքինգը բազմիցս մարդկությանը կոչ է արել` նոր բնակավայր փնտրել: Ավելի վաղ նա հայտարարել է, որ մարդկությանը սպառնում են ձեռակերտ ողբերգություններ, ինչպիսին եղել է 1963 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը: Ընդ որում, նմանատիպ ողբերգությունների հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն աճում են: Բացի այդ, հասարակության աճն ու ռեսուրսների սահմանափակ լինելը կհանգեցնի նրան, որ մեր մոլորակի վրա կյանքն ուղղակի անհնարին կդառնա, եւ փրկվելու միակ միջոցն այլ մոլորակների բնակեցումը կլինի:
Բացի այդ, Ս, Հոքինգը ենթադրում է, որ այլմոլորակային արարածներ գոյություն ունեն եւ կասկածում է, որ նրանք խաղաղությամբ կապի մեջ կմտնեն երկրայինների հետ: «Եթե ինչ-որ ժամանակ այլմորոկայինները այցելեն մեզ, կարծում եմ` վերջը կլինի այնպես, ինչպես եղավ, երբ Կոլումբոսը հայտնվեց Ամերիկայի ափերին: Այդ իրադարձությունն այնքան էլ լավ վերջաբան չունեցավ տեղի ամերիկացիների համար»,- համարել է ֆիզիկոսը:
Ս. Հոքինգի հիմնական հետազոտությունները տիեզերաբանությունն ու քվանտային գրավիտացիան է:Գիտնականի ուշադրության կենտրոնում սեւ անցքերն են: Իր աշխատանքների համար նա պարգեւատրվել է Ալբերտ Էնշտեյնի, Վոլֆի եւ հիմնարար ֆիզիկայի պարգեւներով:




























