Իրանը պատրաստվում է գործարկել քարտեզագրական ծառայություն, որը կդառնա Google Earth-ի «իսլամական տարբերակը»:

Ծառայությունը կկրի «Բասիր» (Խորաթափանց) անունը եւ օգտագործման համար պատրաստ կլինի չորս ամսվա ընթացքում, հայտարարել է Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամեդ Հասան Նամին: Ծառայությունը հասանելի կլինի ամբողջ աշխարհում, հաղորդում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով «Մեհր»-ը:

Տեղական քարտեզագրական ծառայություն ստեղծելու գաղափարն առաջացել է լրտեսությունից պաշտպանվելու համար: «Առաջին հայցքից թվում է` Google Earth-ը բաժանորդներին ծառայություններ է մատուցում»,- հայտարարել է Մուհամեդ Հասան Նամին ու հավելել. «Բայց իրականում նրա հետեւում կանգնած են հետախուզությունն ու հատուկ ծառայությունները, որոնց նպատակն ուրիշ երկրներից տեղեկություններ ստանալն է»:

Իրանի իշխանությունների քաղաքականությունն այն ռեսուրսների արգելափակումն է, որոնք իրենց տեսանկյունից անցանկալի բովանդակություն ունեն: Այսպես` 2012 թվականի սեպտեմբերին երկրում արգելափակվել են Google որոնողական համակարգն ու Gmail փոստը: 2013 թվականի մարտին հայտնի է դարձել  երկրում  VPN-ռեսուրսների արգելափակման մասին, որոնք հնարավորություն էին տալիս աշխատել համացանցային ծառայություններում` շրջանցելով սահմանափակումները:

Միաժամանակ Իրանը գործարկում է համաշխարհային համացանցային ծառայությունների լոկալ տարբերակները: 2012 թվականի դեկտեմբերին երկրում սկսել է գործել «Մեհր» տեսահոսթինգը, որը  YouTube-ին է «փոխարինում»: Բացի այդ` մշակվում է ստեղծել ազգային ցանցի ներքին «համացանց», որը աչալրջորեն կվերահսկվի կառավարության կողմից: