Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնան Վենեսուելայում նախագահական ընտրությունների նախաշեմին իր աջակցությունն է հայտնել Ուգո Չավեսի հետեւորդ Նիկոլաս Մադուրոյին: Հատուկ դրա համար նա ժամանել է Կարակաս:

Այդ ընթացքում Մարադոնան ստորագրել է գնդակների վրա եւ ոտքով հարվածելով նետել Կարակասի կենտրոնում հավաքված ժողովրդի կողմը, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Մարադոնան հանգուցյալ Ուգո Չավեսի քաղաքականության երկրպագուն է:

Ապրիլի 11-ի հանրահավաքը, որի մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ, դարձել է Մադուրոյի նախընտրական քարոզարշավի վերջին ակորդը: Մարադոնան հանրահավաքի ժամանակ հագել է կարմիր շապիկ, որը համարվում է Մադուրոյի կողմնակիցների գույնը:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը իր մահից մեկ ամիս առաջ Մադուրոյին հայտարարել է իր հետեւորդ: Արտահերթ ընտրությունները Վենեսուեալայում կկայանան ապրիլի 15-ին:

Ուգո Չավեսը, ով Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից, մահացել է այս տարվա մարտի 5-ին՝ քաղցկեղից: