ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են կիրառել Իրանի նկատմամբ, դրանք վերաբերում են Շվեյցարիայի տարածքում գտնվող իրանական Naftiran Intertrade նավթաառեւտրային ընկերությանը, որը գտնվում է Ազգային իրանական նավթային ընկերության վերահսկողության ներքո (վերջինս ավելի վաղ էր հայտնվել «սեւ ցուցակում»):

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ «սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ իրանցի գործարար Բաբաք Մորթեզա Զանժանին, ով «ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում երկու կոնցեռններին»:

Պատժամիջոցը ենթադրում է թվարկված ընկերությունների ու անձանց բոլոր տեսակի ակտիվների սառեցում, որոնք կարող են հայտնվել ամերիկյան իրավասության տակ: ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ որեւէ շփման մեջ մտնել:
Ինչպես հաղորդում է «АН-online»-ը, ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դեւիդ Քոենը նշել է, որ մ,իջազգային պատժամիջոցների ուժգնացմանը զուգահեռ, Իրանը դիմում է փողերի լվացման տեխնոլոգիաների: Քոենի խոսքով՝ Թեհրանը նավթի մատակարարումների եւ փողերի փոխանցումների համար հորինված անուններ է օգտագործում: