Լրատվամիջոցները որոշ մանրամասններ են հայտնել Բալիում օդանավի հետ կատարված աղետի վերաբերյալ: Օդանավի անձնակազմի եւ ուղեւորների թվի մասին տեղեկությունները տարբեր են: Այսպես` Metro TV-ն հաղորդել է, որ ինդոնեզական Lion Air ավիաընկերության օդանավում 101 մարդ է եղել:
Հեռուստաալիքի տվյալներով` Boeing 737 900 ER օդանավի բոլոր ուղեւորները ողջ են եւ անվտանգ: AFP-ի տվյալներով` օդանավում եղել են ավելի քան 130 մարդ, Reuters-ը հաղորդել է 172 փրկվածների մասին: Ունեցած տեղեկությունների համաձայն` օդանավը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա եւ ընկել է ոչ հեռու գտնվող ջրի մեջ:
Ինչպես երեւում է համացանցում տարածված նկարներից` օդանավը գտնվում է ծանծաղուտների վրա: Նրա ֆյուզելյաժը գործնականորեն մասերի է ճեղքվել: Ըստ լրատվամիջոցների` վթարը եղել է Երեւանի ժամանակով ժամը 11:35-ին: Օդանավը նոր էր` 2011 թվականին արտադրված: Անձնակազմի եւ ուղեւորների տարհանումն անցել է հաջող, իսկ վթարի պատճառները դեռ հայտնի չեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Lion Air մասնավոր ավիաընկերությունը, որն անցյալ տարի տեղափոխել է մոտ 24 միլիոն մարդ, համարվում է երկրում առաջատար փոխադրողը եւ վերահսկում է «Երեք հազար կղզիների» երկրի օդային հաղորդակցության շուկայի մոտ կեսը:











