Հայաստանը բարելավել է իր տեղը Համաշխարհային տնտեսական ֆորումի օրերս հրապարակած Ցանցային պատրաստվածության ինդեքսում՝ 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր՝ ապրիլի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նախորդ տարիների համեմատ առաջընթաց կա՝ անցյալ տարի 96-րդ տեղում էինք, իսկ մի քանի տարի առաջ՝ 114-րդ:  «Այս առումով զարգացման դինամիկա կա, սակայն 82-րդ տեղը խայտառակություն է»,- ասաց Կ. Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ցածր տեղի պատճառը հիմնականում այն է, որ պետությունը, բիզնեսը եւ քաղաքացին քիչ են կիրառում ՏՏ գործիքներ, իսկ քիչ են կիրառում, որովհետեւ մրցակցային դաշտ չկա: Մեծ է նաեւ 1-2 հոգանոց ընկերությունների թիվը, ինչը սահմանափակում է նոր տեխնոլոգիաների կիրառումը:

«Կառավարությունում էլ կիրառումները պակաս են, քանի որ պետական գնումների եւ մրցույթների մեխանիզմները արդյունավետ չեն»,- նշեց Կ. Վարդանյանը: Սակայն դրական միտում է այն, որ անհատները սկսել են ավելի ակտիվ կիրառել ՏՏ գործիքները: