Երեւանում այս տարվա սեպտեմբերին տեղի կունենա միջազգային կոնֆերանս, որտեղ կքննարկվի ցեղասպանությունների եւ պատերազմների ազդեցությունը մարդկանց օրգանիզմի գենետիկ փոփոխության վրա: Սա նման թեմայով առաջին կոնֆերանսը կլինի:

Կոնֆերանսի հիմնական թեման է սթրեսն ու դրա հետ կապված վարքի խանգարումները, սակայն այնտեղ գլխավոր տեղ կզբաղեցնի հատուկ նստաշրջանը՝ նվիրված հետվնասվածքային սթրեսային խանգարումներին եւ նրան, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ցեղասպանություններն ու պատերազմերը մարդկանց գենետիկ  մակարդակում:

Հետվնասվածքային սթրեսային խանգարումը (PTSD - post-traumatic stress disorder), որը երբեմն անվանում են «վիետնամական սինդրոմ», «աֆղանական սինդրոմ», դա հիվանդություն է, որն ի հայտ է գալիս հոգեկանը վնասող իրավիճակներում, որը դուրս է սովորական մարդկային փորձի շրջանակներից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ցեղասպանություններն ու պատերազմներն ազդում են ոչ միայն նրանց վրա, ովքեր անմիջապես վերապրել են այդ իրադարձությունները, այլեւ նրանց հետագա սերունդների վրա:

Կոնֆերանսը, որը տեղի է ունենալու 2013 թ. սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, կազմակերպում են Սթրեսը եւ վարքը միջազգային ընկերությունը, հոլանդական Metris B.V. ընկերությունը եւ
Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Օժանդակելու է նաեւ Ցեղասպանուփյան թանգարան-ինստիտուտը։