Հայաստանում սոցիալական ցանցերի օգտատերերի անձնական տվյալների գողությունը քրեական հանցագործությունների մեջ չի մտնում: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնալոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ՝ Անդրեյ Յաշչյանը այսօր` ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում` նշելով, որ տվյալների գողությունը, ի տարբերություն էջ կոտրելու, վերագրվում է վարչական իրավախախտումներին: Բայց եթե ինչ-որ մեկն, օգտվելով ինտերնետում տեղադրված տեղեկություններից, այդ թվում` լուսանկարներից, ներկայացնում է իրեն որպես էջի տիրոջ, տուժածն իր պատիվն ու արժանապատվությունը պետք է վերականգնի առանց իրավապահների օգնության:
Հիշեցնենք, որ ՀՀ Քր.օր.-ի համապատասխան հոդվածները` զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ տեղափոխվել են վարչական խախտումների ոլորտ: Ստացվում է, որ հանցագործին տուժածն ինքնուրույն պետք է գտնի: Տրամաբանությունը, թե ինչու անձնական տվյալների գողությունը պետք է որակվի որպես վիրավորանք կամն զրպարտություն, ամբողջությամբ բացահայտել չհաջողվեց: «Գրանցման ժամանակ քչերն են բարեհաճում կարդալ օգտվելու համաձայնագիրը»,- ասել է Անդրեյ Յաշչյանը` հավելելով, որ որպես կանոն տուժած կողմն իմանում է, թե ով է մեղավորը: Թե ինչու է ոստիկանությունն իրեն նույնականացնում կայքի ղեկավարության հետ, նույնպես անհասկանալի մնաց: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով նման գործերի ծավալը եւ հետաքննության բարդությունը, իրավապահներն այդկերպ փորձում են ապահովագրել իրենց:
Միեւնույն ժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է սոցցանցերում շանտաժին վերաբերող մի շարք գործերի հաջող հետաքննության մասին: Մի դեպքում հանցագործը շանտաժի էր ենթարկում իր զոհին` գտնվելով քրեակատարողական հաստատությունում:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե էջ կոտրել կարողացող իրական «տաղանդները» քիչ են: Հիմնականում հանցագործները տեղեկատվությունը ստանում են կեղծիքի կամ վիրուսի եղանակով: Յաշչյանը նման դեպքերը կանխելու համար առաջարկում է պարզ կանոններ պահպանել` գրագետ ընտրել գաղտնաբառը, այլոց համակարգիչներից օգտվելիս գրագետ կերպով լքել էջը եւ ոչ մի դեպքում համակարգչի վրա չհիշել գաղտնաբառը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























