Իրանի սահմանապահները կրակ են բացել անօրինական ճանապարհով երկիր մտած Թուրքիայի 2 քաղաքացիների ուղղությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ի գիշերը Վան նահանգի Օզալփի շրջանի դիմաց գտնվող իրանական հատվածում Թուրքիայի քաղաքացիներ 36-ամյա Արիֆ Նոյանը եւ 50-ամյա Զեքի Յալչընքայան փորձել են մաքսանենգ ճանապարհով վառելանյութ տեղափոխել Թուրքիա, երբ նրանց նկատել են իրանցի սահմանապահները եւ կրակ բացել։
Կրակահերթի հետեւանքով Արիֆ Նոյանը տեղում մահացել է, Զեքի Յալչընքայան՝ վիրավորվել։
Օզալփի քաղաքապետ Մուրադ Դուրմազը թուրքական իշխանություններին կոչ է արել խիստ արձագանքել իրանական կողմի քայլերին, քանի որ իրանցի սահմանապահների քայլերի հետեւանքով շարունակաբար սպանվում են Թուրքիայի քաղաքացիներ։




























