Ուկրաինայի Ռովնո քաղաքում տեղի ունեցած դեպքը կարող էր տարեց կնոջ մահվան պատճառ դառնալ: Փրկարարական ծառայության աշխատակիցները հասցրել են ժամանակին օգնության հասնել լուսամուտից ցած ընկած 97-ամյա տատիկին: Իր ուժերը գերագնահատելով` տատիկը դուրս է եկել լուսամուտի սահմաններից, բայց հրաշքով ոտքերով կառչել է օդափոխիչից: Փրկարարաներն արագ են գործել, ինչի շնորհիվ տատիկը ողջ է մնացել, հաղորդում է Ուկրաինայի ԱԻՆ-ը:

Ապրիլի 16-ին տեղի բնակիչներն Ուկրաինայի փրկարարական ծառայությանը հայտնել են, որ երրորդ եւ չորրորդ հարկերի արանքում օդափոխիչից ոտքերով կառչած, գլխիվայր կախված է մի կին, ով ցանկացած պահի կարող է ընկնել, գրում է NEWSru.com-ը:

Փրկարարները դեպքի վայր են հասել րոպեների ընթացքում: Տատիկին պարանի միջոցով հետ են քաշել բնակարան: Այդ ամբողջ գործողությունը տեւել է տասը րոպեից ոչ ավելի: Բժիշկները հետազոտել են փրկվածին եւ վնասվածքներ չեն հայտնաբերել: