Եթե Իրանի կառավարությունը դիմի Հայաստանի կառավարությանը` երկրաշարժի կապակցությամբ օգնություն տրամադրելու խնդրանքով, Հայաստանի ԱԻՆ-ն օգնություն կտրամադրի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:

«Մենք միշտ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Իրանին»,- նշեց Գրիգորյանը:

Նշենք, որ, Fars գործակալության փոխանցմամբ, Իրանում ապրիլի 16-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, նաեւ Հնդկաստանում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ցնցվել են բազմահարկ շենքերը` մարդկանց ստիպելով դուրս նետվել փողոց: Նախնական տեղեկություններով, Իրանում երկրաշարժից զոհվել է 40, իսկ Պակիստանում` 20 մարդ: 

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ, հիպոկենտրոնը գտնվել է 15,2 կմ խորության վրա: