Երեւանում, ապրիլի 18-ի երեկոյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը կներկայացնի «Թվանշանային դարաշրջան» միջոցառումը:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների ինտերակտիվ ներկայացում: Բանախոսը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանն է:
Ծրագրում`
1. Կոմիտաս. կյանքը եւ գործը
Հայ մեծ կոմպոզիտորի կյանքը եւ գործերը ներկայացվում են իր նամակների, երաժշտության, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների հիշողությունների, առավել քան 450 լուսանկարների, 100 տեսահոլովակների, ինչպես նաեւ 550 երաժշտական ներկայացումների միջոցով:
2. Հայոց մեծ եղեռն 1915-1923
1915-1923թթ-ի Հայոց եղեռնը ներկայացվում է այս աննախադեպ մուլտիմեդիա սկավառակում առավել քան 500 լուսանկարների, փաստաթղթերի, ականատեսների վկայությունների եւ ինտերակտիվ ժամանակացույցի միջոցով: 1915-1923թթ-ի Հայոց եղեռն սկավառակը ճանաչվել է 2005թ-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության Մեծ ժյուրիի կողմից էլեկտրոնային ուսուցման կատեգորիայում լավագույն 10 ապրանքատեսակներից մեկը, որն արժանացել է նաեւ հատուկ գնահատականի: Այս սկավառակը հանդիսանում է Համահայկական Մաշտոց 1600 էլեկտրոնային մրցույթի հաղթող էլեկտրոնային ուսուցման անվանակարգում:
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:





























