United Capital Partners ֆոնդը գնել է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի բաժնետոմսերի 48%-ը: UCP-ն գնել է սոցցանցի հիմնադիրներ Վյաչեսլավ Միրիլաշվիլիի (40%) եւ Լեւ Լեւիեւի (8%) բաժնետոմսերը: Լեւիեւը հաստատել է «Վեդոմոստի»-ին, որ իրենք Միրիլաշվիլիի հետ վաճառել են ֆոնդին իրենց բաժնետոմսերը: Գործարքի արժեքը սոցկայքի հիմնադիրը չի հրապարակել:
«ՎԿոնտակտե»-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Լեւիեւից եւ Միրիլաշվիլիից դեռ ծանուցում չի ստացել բաժնետոմսերի վաճառքի մասին: «Համաձայն «ՎԿոնտակտե»-ի օրենքների` ներկա բաժնետերերն իրավունք ունեն գնել բաժնետոմսեր յուրաքանչյուր վաճառքի ժամանակ, եւ մենք դեռ ծանուցում չենք ստացել հնարավոր վաճառքի մասին»,- պարզաբանել է նա:
United Capital Partners ներդրումային ֆոնդը ստեղծվել է 2006 թվականին` մասնավոր հաճախորդների եւ գործընկերնրի ակտիվները կառավարելու համար: Նրա գերակա ուղղությունների մեջ մտնում է ռուսական ընկերությունների եւ անշարժ գույքի բաժինների մեջ ներդրում ունենալը: UCP-ի նախագահ եւ ղեկավար գործընկեր Իլյա Շերբովիչը «Ռոսնեֆտի»-ի եւ «Տրանսնեֆտ» պետական ընկերության տնօրենների կազմի մեջ է մտնում: «Վկոնտակտե»-ն հիմնվել է 2006 թվականին եւ հանդիսանում է Ռունետի խոշորագույն սոցկայքերից մեկը: 2013 թվականի փետրվարի դրությամբ` «ՎԿոնտակտե»-ի ամենօրյա բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 43 միլիոն մարդ:




























