ՏՏ-ն այն ոլորտն է, որտեղ գիտելիքը շատ արագ է հնանում, ամսական շուրջ 4 տոկոս հետ է ընկնում. նոր մեթոդիկաներ, նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր երեւույթներ եւ նոր գործիքներ են առաջ գալիս։ Եթե չհետեւես դրանց, մի տարում 50 տոկոս-ով հետ կմնաս մասնագիտական բնագավառում: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ կապալառու (USAID CAPS) ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը` ավելացնելով, որ պրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է մշտապես հետեւել բոլոր մասնագիտական նորություններին. «Օրական մոտ 50-60 թերթ միայն նորություն պիտի կարդալ, իսկ նեղ պրոֆեսիոնալ մասնագետները ամեն առավոտ կարդում են մոտ 150 թերթ նորություն ու նոր սկսում իրենց գործը»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Նրա խոսքով, այս ամենին զուգահեռ՝ ոլորտում աշխատավարձերն ամենաբարձրերից են համարվում, թեեւ դրանք եւս՝ ըստ մասնագիտությունների եւ գիտելիքների մակարդակի, տարբեր են. «Սկսնակների համար աշխատավարձը 400-500 դոլարից է սկսվում, իսկ նեղ մասնագետների աշխատավարձը` 1500-1700 դոլար կամ ավելի է»:
Ա. Աբրահամյանը նշեց նաեւ, որ արտասահմանյան կապիտալով ընկերությունների եւ տեղական ընկերությունների աշխատավարձերի միջեւ եւս տարբերություն կա. վերջիններս շուրջ 20 տոկոսով զիջում են նախորդին:




























