Թեքսասի Վեսթ քաղաքում, որտեղ պայթյուն է եղել հանքային պարարտանյութերի արտադրության գործարանում, շարունակվում են փրկարարական աշխատանքները: Ավերածությունների ծավալն այնքան մեծ է, որ տեղական իշխանությունները առայժմ նույնիսկ մոտավոր չեն կարող նշել զոհերի եւ տուժածների թիվը:

CNN-ի փոխանցմամբ, իշխանությունները պաշտոնապես արձանագրել են երկու մարդու մահը: Նախնական տվյալներով, տուժածների թիվը մի քանի տասնյակից մի քանի հարյուրի է հասնում: Նախկինում հաղորդվում էր 60-70 զոհերի մասին:

Տուժածներին տեղափոխում են տեղական մարզադաշտ, որտեղ օպերատիվ շտաբ է բացվել եւ հերթապահում են շտապօգնության մեքենաները: Առկա տեղեկատվությամբ, հարվածային ալիքը մասնավոր տներ է ոչնչացրել մի քանի թաղամասերի շառավղով: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Միաժամանակ տարհանում է իրականացվում քիմիկատների արտահոսքի վտանգի պատճառով: Գործարանի պահեստարաններից ամիակ է արտահոսել եւ նոր պայթյունների հավանականություն կա:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ նրա ձայնը լսվել է 70 կմ հեռավորությունից: Իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 2,1 մագնիտուդով ցնցում է արձանագրել: Զարմանալի չէ, որ Թեքսասի հյուսիսի շատ բնակիչներ սկզբում երկրաշարժից են վախեցել, գրում է NEWSru.com-ը:

Իշխանությունները ներկայումս չեն կարողանում ձեւակերպել  արտակարգ դեպքի հիմնական վարկածները: Քիմիկատների դետոնացիան բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ տեղի է ունեցել զգալի ժամանակ, դեպքի վայր հրշեջներ եւ ոստիկաններ են ժամանել: Հրշեջ ծառայության մի քանի աշխատակիցներ անհետ կորած են համարվում: Դեքի պահին գործարանի աշխատողների թիվը հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ զոհերն ու վիրավորները շատ կլինեն: