Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ: 

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը եւ կարեւորել են համագործակցության զարգացումը ավանդական դարձած այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, խաղաղապահությունը, փորձագիտական խորհրդատվությունը եւ այլն: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեւավորել եւ զարգացնել նաեւ համագործակցությունը կիբեր անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել են բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը ԵՄ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Ս. Օհանյանը եւ Յ. Օլեկասը կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Լիտվայի Հանրապետության Սեյմ, որտեղ կայացել են նրա հանդիպումները Սեյմի փոխնախագահի, ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաղաղի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի հետ:

Այսօր, ապրիլի 19-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են  հայ-լիտվական հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ, ԵՄ Արեւելյան գործընկերության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության զարգացման ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Այցի ծրագրի շրջանակներում Ս. Օհանյանը այցելել է նաեւ գեներալ Յոնան Զեմաիտիսի անվան Լիտվայի ռազմական ակադեմիա, Լիտվայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության պաշտպանների հիշատակին՝ ծաղկեպսակ տեղադրելով նրանց հուշարձանին: