Երեւանում, ապրիլի 18-ին, «Էրեբունի Պլազա» հյուրանոցում նշվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մեծարման օրը, որին մասնակցել են Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին եւ դեսպանության ռազմական կցորդ, շտաբի գնդապետ Համիդ Ռեզա Միրզային, ՀՀ քաղաքական եւ զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ, այլ երկրների դեսպաններ եւ ռազմական կցորդներ:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես է եկել Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդը: Գնդապետ Համիդ Ռեզա Միրզային իր ելույթում ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը տիրապետելով նորագույն ռազմական տեխնոլոգիաների եւ անցկացնելով բազմաթիվ զորավարժություններ պատրաստ են ցանկացած հնարավոր արտաքին սպառնալիքներին արժանի հակահարված տալ:
«Իրանի բանակի ռազմական կարողությունը կոչված է պահպանելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում ինչպես նաեւ համագործակցելու հարեւանների հետ:
Իրանը մշտապես տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման կողմնակից է եղել եւ դեմ է եղել միջազգային եւ տարածաշրջանային հակամարտությունները ռազմական միջամտությամբ լուծելուն:
Իրանի եւ Հայաստանի լավ հարաբերությունները Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ կարեւոր եւ ազդեցիկ դերակատարում ունեն»,-ասել է նա:
Միջոցառման վայրում ԻԻՀ պաշտպանական կարողությունների եւ հզորության հետ ծանոթանալու նպատակով ցուցադրվել են ԻԻՀ բանակի մասնագետների կողմից արտադրված սարքավորումների եւ սպառազինությունների ինչպես նաեւ ԻԻՀ ռազմական արդյունաբերության մասին պատմող որոշ տվյալներ եւ նկարներ:




























