Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով՝ ապրիլի 18-20-ին պատասխան այցով Հայաստան է ժամանել Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի առաջին խորհրդական Ալի Ղոլի Ամիր Ահմադին, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Մոհամմադի Շաքիբան, իսլամական խորհրդարանի պատգամավորներ Սեյեդ Ալի Թահերին եւ Կարեն Խանլարյանը, ինչպես նաեւ լրագրողական խումբ:
2013 թ. ապրիլի 19-ին, ժամը 10:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարության միջեւ 2013-2016 թթ. մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին:
Ծրագրի համաձայն կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային շաբաթների կազմակերպմանը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը: Կինոյի բնագավառում կողմերը կհամագործակցեն համատեղ ֆիլմերի արտադրությանը, ինչպես նաեւ հայկական եւ իրանական համապատասխան ընկերությունների կողմից կազմակերպվող ֆիլմերի ցուցադրությանը: Գրադարանների եւ թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների եւ փորձագետների փոխայցելություններին, սեմինարների եւ կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաեւ գրքերի եւ պարբերականների փոխանակումներին: Կողմերը կաջակցեն Հայաստանի ազգային գրադարանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արխիվի եւ ազգային գրադարանի միջեւ համագործակցությանը:
Այցի շրջանակում բարձաստիճան հյուրը կհանդիպի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Ա. Գեւորգյանի, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի եւ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանի հետ:
Հայաստան այցի ծրագրով նախատեսվում են նաեւ այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երեւանի Կապույտ մզկիթ եւ այլն:
ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին Հայաստանից կմեկնի Իրան:




























