ԱՄՆ-ում աշխատող երկու գիտնական-գենետիկայի մասնագետ հաշվողական տեխնիկայից որոշ դիտարկումներ կիրառելով կյանքի էվոլյուցիայի նկատմամբ, ենթադրել են, որ կյանքը գոյություն է ունեցել մեր մոլորակի ծնվելուց շատ առաջ։ Այնպես որ, հավանական է, որ բոլորս էլ այլմոլորակային ենք։
Ռիչարդ Գորդոնն ու Ալեքսեյ Շարովն իրենց հաշվարկներում հիմնվել են ոչ մասնագետի համար դժվար հասկանալի Մուրի օրենքի վրա, ըստ որի «ինտեգրալ սխեմայի մեջ տեղարդվող տրանզիստորների քանակը կրկնապատկվում է երկու տարին մեկ՝ առաջացնելով էքսպոնենցիալ աճ»։
The Daily Mail-ը բացատրում է. այս օրենքի համաձայն, եթե համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը «վերջից սկիզբ» գնանք, այսինքն, ամենավերջին մշակումներից գնանք հետ՝ դեպի անցյալ, ապա կհասնենք սկզբնական կետին՝ 1960-ական թվականներ։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է առաջին չիպը, հաղորդում է NEWSru.com.-ը։
Այս էմպիրիկ դիտարկումը կիրառելով կյանքի էվոլյուցիայի նկատմամբ՝ գենետիկայի մասնագետները գաղափար են առաջ քաշել, որ կենդանի օրգանիզմների գենոմի բարդությունը կրկնապատկվում է 376 միլիոն տարին մեկ։ Հաշվարկները ցույց են տվել, որ կյանքը պետք է առաջանար մոտ 9,7 միլիարդ տարի առաջ՝ շատ ավելի վաղ, քան երկիրն է ձեւավորվել, որն «ընդամենը» 4,5 միլիարդ տարեկան է։




























