Հայաստանի բոլոր ինտերնետ պրովայդերները պարտավոր են իրենց կայքէջերում հրապարակել իրենց սակագները։ Այս մասին հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։

Նրա խոսքով, պրովայդերները պարտավոր են նաեւ նշել իրենց կողմից տրամադրած ինտերնետի առավելագույն եւ նվազագույն արագությունները։ Արաբաջյանը նշել է, որ հանձնաժողովը ինտերնետի գների եւ արագության մոնիթորինգ կանցկացնի։

«Անցած տարի հանձնաժողովը որոշում է ընդունել եւ կարգավորել արագության առավելագույն տատանման սահմանի հարցը»,- ասել է հանձնաժողովի անդամը՝ ավելացնելով, որ որոշման ուժի մեջ մտնելուց անցել է երեք ամիս, եւ շուտով համապատասխան մոնիթորինգ կիրականացվի։