Ապրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:
Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում:
ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, կրթական, հասարակական եւ մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին:
Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ եւ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա կլինեն 200 հոգի՝ բուհերի եւ քոլեջների ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների եւ ՏՏ կրթական հաստատությունների կին ներկայացուցիչներ, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Հայկական վիրտուալ համալսարանից, Երեւանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտից, ինչպես նաեւ տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններից:




























