Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջեւ 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչեւ տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաեւ նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից  մեկի բացմանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը,  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարաններից նաեւ ինտերակտիվ կապ կստեղծվի այլ պետությունների դպրոցների հետ: Երեւանի քաղաքապետարանի եւ UCOM ընկերության համագործակցության արդյունքում համակարգչային առաջին դասասենյանկը բացվել էր դեռ անցյալ տարի` մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 156 դպրոցում:  Այսօր բացի թիվ 19 դպրոցից, համակարգչային դասարաններ են բացվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 եւ 192 դպրոցներում: