Թուրքիան այլեւս չպետք է ժխտի պատմական իրողությունը: Այս մասին Հայ դատի թեհրանյան կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է իրանցի քաղաքագետ Հասան Բեհեշթիփուրը, հաղորդում է Իրանի հայկական համայնքի «Ալիք» թերթը:
«Թեեւ ինչ-որ ժամանակ Թուրքիան չէր ընդունում քրդերի գոյությունը, բայց այսօր նա քրդերի հետ երկխոսություն է վարում: Հետեւաբար նա պետք է ճանաչի եւ ընդունի Հայոց ցեղասպանությունը, որը կհանգեցնի բանակցությունների եւ փոխհամաձայնությունների»,- ասել է նա:
Իրանի Մեջլիսի` ծագումով հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը նշել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլա Հոմեյնիի Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարության կարեւորությունը եւ ավելացրել, որ Իրանի պետական գործիչները ժամանակ առ ժամանակ անդրադարձել են այդ հարցին, իսկ Հայաստան կատարած այցերի ժամանակ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ողբերգության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն միջոցառման ժամանակ իր ելույթում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ, դոկտոր Մուհամեդ Հասան Աբուտորաբին` նկատի ունենալով Սիրիայի ընդդիմադիր զինյալներին աջակցող թուրքերին, հայտարարել է, որ հայերի արյունով տաքացած ձեռքն այսօր ջերմանում է սիրիացիների արյամբ:
Միջոցառմանը մասնակցել են Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը եւ մի շարք այլ պատգամավորներ, ու կրոնական համայնքների ներկայացուցիչներ:




























