Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանում անցկացվող լռության երթն սկսվել է ապրիլի 24-ի առավոտյան Սբ. Սարգիս եկեղեցուց, հաղորդում է Թեհրանի «Հայելի» կայքը:
Թեհրանի կենտրոնական փողոցով մասնակիցները հասել են Թուրքիայի դեսպանատան առջեւ, որտեղ, ավանդական լոզունգներից հետո, ելույթ է ունեցել Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը: Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր ժամանակներում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության մասին ելույթներին եւ հայտարարել, որ իրանահայությունն Իրանի խորհրդարանից ակնկալում է Թուրքիայի կողմից իրականացված ոճիրի ճանաչում:
Այնուհետեւ ելույթ է ունեցել Սրբազան հայրը, ով ի թիվս այլ պատգամների հորդորել է «ապրել» ու ապրել այն հույսով, որ «մեր դիմաց ծածանվող (թրքական) կարմիր դրոշի փոխարեն» հայկական եռագույնը բարձրանա Արեւմտյան Հայաստանում:
Ապա ընթերվել է իրանահայության հայտարարությունը, ուր ամբողջ աշխարհի եւ Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու պահանջ էր:
Ցույցն ավարտվել է «Սարդարապատ» երգով:



































