Տիբեթի արտաքսյալ կրոնական առաջնորդ Դալայ-լաման փետրվարի 22-ին միկրոբլոգ է բացել Twitter-ում, հաղորդում է Mashable-ն: @DalaiLama օրագրում առաջին գրառումը եղել է Դալայ-լամայի Լոս-Անջելես այցի մասին: Փետրվարի 23-ի դրությամբ՝ նրա ներկայացուցիչները կայքում թողել են յոթ թվիթներ, որոնք բոլորն էլ վերաբերում են ԱՄՆ կատարած այցին:

Մեկ օրվա ընթացքում Դալայ-լամայի միկրոբլոգում 44 հազար ընթերցող է հայտնվել: @DalaiLama-ն հայտնվել է միկրոբլոգների 1815 ցանկերում: Վարչակազմը նոր միկրոբլոգին «ստուգվածի» կարգավիճակ է շնորհել, ինչը թույլ է տալիս վստահ լինել գրառումների իսկության մեջ:

Հիշեցնենք, որ մեկ այլ կրոնական առաջնորդ՝ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը եւս ինտերնետի սիրահար է եւ սեփական էջ ունի Facebook-ում: