Դպրոցները համակարգչայնացնում ենք, սակայն դասագրքերը  էլեկտրոնային եղանակով հասանելի չեն, ծնողները դժգոհում են: Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ դիմելով ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին;

Փոխնախարարը պատասխանեց, որ գոյություն ունի հատուկ էլեկտրոնային կրթական պորտալ, որտեղ բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակով տեղակայված են: Նշվեց նաեւ, որ էլեկտրոնային դասագրքերը կարելի է գտնել նաեւ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Նշենք սակայն, որ այդ նույն կայքում՝ ktak.am, այդքան էլ հեշտ չէ գտնել դասագրքերի էլեկտրոնային տարբերակը, համենայնդեպս՝ մեզ դա չհաջողվեց:

Այնուհետեւ Տ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե քննական շտեմարանները ինչո՞ւ հասանելի չեն էլեկտրոնային տարբերակով: «Գտնում եմ՝ պետք է  անվճար հասանելի լինեն դիմորդներին: Եթե պետությունը ճանաչել է այդ շտեմարանները, դրա վրա բիզնես անելը ճիշտ չէ»,- ասաց Տ. Սարգսյանը:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցից այնքան էլ տեղյակ չէ, դրանով զբաղվում է թեսթավորման կենտրոնը: