Այսօր՝ ապրիլի 25-ին, «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը: Միջոցառման նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին իրենց կարիերան տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ) սկսելու: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաեւ կառավարության, կրթական, հասարակական եւ մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձն են կիսել ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Միջոցառման ավարտին մրցանակներ են հանձնվել այն ուսանողուհիներին, ովքեր մասնակցել էին ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերացնում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվել է Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես են եկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաեւ մասնակցում էին ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից եւ այլ կազմակերպություններից: Երեւանում հարցաշար`շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգեւներ են ստացել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը երկրորդ անգամ էր աջակցում ֆորումի կազմակերպմանը:

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ եւ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ: 

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին եւ երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ: