Երկրի կենտրոնում ջերմաստիճանը կարող է կազմել 6 հազար Ցելսիուս, այսինքն հազար աստիճան ավելի տաք, քան հաստատվել էր 20 տարի առաջ արված փորձերի արդյունքում: Այսպիսի տվյալներ է հաղորդում Գրենոբլի ESRF հետազոտական համալիրի  կայքը: Նոր չափումները հաստատել են երկրաֆիզիկական մոդելները, որոնց համաձայն, որպեսզի Երկիրը մագնիսական դաշտ ունենա, կեղեւի եւ պինդ միջուկի միջեւ ջերմաստիճանը նավազագույնը պետք է լինի 1,5 հազար աստիճան:

Երկրի միջով անցնող սեյսմիկ ալիքների հետազոտությունները թույլ են տվել որոշել հեղուկ եւ պինդ միջուկի հաստությունները: Սակայն այս միջոցները թույլ չեն տվել ստանալ տեղեկություններ ջերմաստիճանի վերաբերյալ: Միաժամանակ, ջերմաստիճանի տարբերությունը կարեւոր գործոն է, որից կախված են մագնիսական դաշտն ու Երկրի շարժումը:

Երկրի ներսում ջերմաստիճանը չափելու համար գիտնականները լաբորատոր փորձեր են կատարում եւ վերջին փորձի ժամանակ հաստատվել է, որ 2,2 մլն մթնոլորտի ճնշման պայմաններում երկաթի հալման ջերմաստիճանը հասնում է 4800 աստիճան Ցելսիուսի: Հետագա հաշվարկները ցույց են տվել, որ 3,3 մլն մթնոլորտի ճնշման դեպքում (հեղուկ եւ պինդ միջուկների միջեւ ճնշման նշանակությունը) երկաթի հալման ջերմաստիճանը պետք է կազմի 6000±500 աստիճան: