Երեւանում, այսօր՝ ապրիլի 26-ին, չինարենի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ավելի քան 100 ուսանողներ երգերով ու այլ կատարումներով մասնակցել են չինարենը ներկայացնող միջոցառմանը, ցուցադրել չինարեն գեղագրություն: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ:
Չինաստանի դեսպան Թիան Չանչունը եւ ԵՊԼՀ Ռեկտոր Գայանե Գասպարյանը եւ Կոնֆուցիուսի համալսարանի տնօրեն Նաիրա Գրիգորյանը խոսել են ՄԱԿ-ում չինարենի օգտագործման, հիանալի չինական ավանդույթների, մշակույթի եւ Հայաստանում չինարեն սովորելու հնարավորությունների մասին:
Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Ես իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն չինարենի նկատմամբ: Ես ցանկանում եմ նաեւ ձեր ուշադրությունը բեւեռել ներկայիս գլոբալ կյանքում չինարենի պատմության եւ կարեւորության վրա: Վստահ եմ, որ այս միջոցառումները կօգնեն տարածել չինարենի ազդեցությունը, որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու եւ որպես մի հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց սովորել չինական քաղաքակրթության, մշակույթի եւ ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ իր ներդրումի մասին»:
Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավարությունը եւ ուսանողները ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության կողմից հատուկ ձեւավորված հավաստագրեր են ստացել:
Որոշ հաշվարկներով ավելի քան 1,4 միլիարդ մարդ աշխարհում Մանդարին չինարենի բնիկ կրողներ են: Չինարենն աշխարհում տասը ամենաշատ խոսվող լեզուներից երկրորդն է:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2013թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին:




























