Google կորպորացիայի սերվերներից տարբեր տեսակի տեղեկություններ հեռացնելու օտարերկրյա կառավարությունների պահանջների թիվը 2012թ.-ի երկրորդ կիսամյակում 26 տոկոսով ավելացել է առաջին կիսամյակի համեմատ: Այդ մասին է վկայում կազմակերպության կողմից հրապարակված «Հասանելիության մասին զեկույցը»:

Միայն տվյալ ժամանակաշրջանի ընթացքում Google-ի մասնագետներն ուսումնասիրել են տարբեր երկրներից ուղղարկված 2285 դիմում` որոնք առաջարկում են 24179 միավոր տեղեկություն հեռացնել:

Մեծամասամբ դիմումները քաղաքական բնույթ են կրել, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը: «Ակնհայտ է, որ ինտերնետային էջերը գրաքննելու կառավարությունների փորձերն ավելի են շատացել»,-գրում է Սյուզան Ինֆանտինոն` Google-ի փաստաբանական ղեկավարը, «շատ տեղերում կառավարությունները մեզ խնդրում էին ջնջել քաղաքական նյութերը: Այս ընթացքում, մենք նաեւ քաղաքական գործիչների կամ նրանց մտերիմների քննադատությամբ նյութերը ջնջելու պահանջով դատական որոշումներ ենք ստացել»:

Ռուսաստանը 2012թ.-ի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում

Google-ին 114 դիմում է ուղարկել՝ կազմակերպության սերվերներից տարբեր տեսակի տեղեկություններ հեռացնելու պահանջով: Ուկրաինան անցյալ տարվա երկրորդ կեսին մեկ պաշտոնական դիմում է ուղղարկել Google-ին «զրպարտության» համար նյութ ջնջելու պահանջով: Ղազախստանը 2 խնդրանքն է ուղղարկել YouTube-ից եւ Google-ի բլոգներից բռնության, ազգային անվտանգության շահերի պահպանման կամ անձնական տարածք ներխուժելու մասին 22 նյութ ջնջելու վերաբերյալ, գրում է NEWSru.com-ը:

Նաեւ աշխարհի 20 երկրներից խնդրանքներ են եկել արգելափակել ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմը, որի դիտումը մի շարք երկրներում արգելափակված է:

ԱՄՆ-ից 3946 նյութ ջնջելու 321 դիմում է ստացվել, հիմնական պատճառաբանությունը զրպարտությունն է եղել: Ընդ որում ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում պետական օրգանների կողմից համացանց օգտագործողների անձնական տեղեկություններն իմանալու իր դիմումներով, 2012թ.-ի երկրորդ կեսին 14791 բաժանորդի մասին տեղեկություն իմանալու խնդրանք էր ուղղարկվել, որոնց 88%-ը բավարարվել է: