Հայ-հնդկական ուսումնական կենտրոնի հիմնման եւ «Արմթեք 2011» գլոբալ համաժողովի կազմակերպման նպատակով «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» եւ «Դեվելոփվեյ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է համապատասխանաբար 950 եւ 920 հազ. դրամի պայմանագրեր` կայքի ստեղծման եւ վեբկայքերի վերածրագրավորման, թարմացման եւ գործարկման նպատակով: Համաձայն պայմանագրերի` կայքերը (www.armtechcongress.com եւ www.armtechcongress.am) պետք է լինեին անգլերենով եւ հայերենով, մինչդեռ դրանք մշակվել են միայն անգլերենով:
ՀՀ Վերահսկիչ պալատը, հաշվի առնելով տվյալ կայքերի ստեղծման նպատակը, պետական բյուջեից վճարված սույն 1.87 մլն դրամ գումարը որակել է որպես անարդյունավետ ծախս:
Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:
Վերահսկիչ պալատը նաեւ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հետեւողականություն չեն ցուցաբերել VC վենչուրային համաժողովի շրջանակներում տեղացի գիտնականներին տրամադրված դրամաշնորհների (մրցանակների) հետագա առեւտրայնացման եւ իրագործման ուղղությամբ:




























