Թվային տեխնոլոգիաների միջոցով դասավանդումն ավելի հետաքրքիր է ստացվում, իսկ աշակերտներն ավելի ուշադիր են լինում դասի ընթացքում ու շուտ են ընկալում ուսումնական նյութը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության սպասարկման կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաները փոխում են կրթության բովանդակությունն ու կազմակերպման ձեւը, ինչի շնորհիվ դասն առավել հետաքրքիր է դառնում: Դա դրդում է, որ աշակերտներն ավելի հաճույքով կարդան, ավելի շատ կարդան, զբաղվեն հետազոտական-ստեղծագործական աշխատանքով։ Միայն 2009 թվականին կրթահամալիրում տարբեր ուսումնական բնագավառներին վերաբերող ավելի քան 800 էլեկտրոնային ուսումնական նյութ, ֆիլմ եւ այլ տեսանյութեր են ստեղծվել եւ ներկայացվել։ «Օրեցօր զարգացող տեխնիկական միջոցները փոխում են կյանքը, եւ կրթությունը պետք է հաշվի նստի այդ փոփոխությունների հետ»,- ասաց Մարկոսյանը՝ ավելացնելով, որ դասավանդումն առանց նոր տեխնոլոգիների այլեւս հետաքրքիր չէ, իսկ, օրինակ` էլեկտրոնային գրատախտակների ներդրումը իրենց դպրոցներում մեծ աշխուժություն է առաջացրել սովորողների շրջանում։

Նրա տեղեկացմամբ՝ այս տարի կրթահամալիրը նախատեսում է նոութբուքերով համալրել դասարանները, որպեսզի աշակերտները եւ ուսուցիչները ավանդական գրենական պիտույքներին զուգահեռ սկսեն օգտագործել նաեւ նոութբուքերը։