ԱՄՆ-ում դատարանը պարտադրել է ծրագրային սպասարկման ոլորտում առաջատար Microsoft ընկերությանը Google ինտերնետ-կոնցեռնի Motorola Mobility ենթաբաժնին տարեկան 1,8 միլիոն դոլար վճարել Xbox խաղային համակարգիչներում նրա տեխնոլոգիաներն օգտագործելու համար:

Դատական գործընթացը սկսվել էր 2010թ.-ին, երբ Microsoft-ը Motorola-ի դեմ դատարան էր դիմել` համարելով արտոնագրված տեխնոլոգիաների գործածման գինը չափից բարձր: Motorola-ն պատասխան հայտ էր ներկայացրել` մեղադրելով ծրագրային սպասարկման ընկերությանը 16 արտոնագիր խախտելու մեջ, այդ թվում համակարգիչների, բջջային սարքերի եւ  Xbox խաղային համակարգիչների ծրագրային մատակարարման արտադրության ժամանակ:

Ինչպես գրում է«Gazeta.ru»-ն, կայացված որոշումը բացառիկ է ամերիկյան դատական համակարգում: Այն արտոնագրերի տերերի համար արտադրանքները  գնահատելու նոր օրենքներ է մտցնում: Ընկերությունները պետք այնպես մշակեն տեխնոլոգիական ստանդարտները, որ տվյալները հնարավոր լինի ցանկացած սմարթֆոնի վրա փոխանցել` անկախ դրա արտադրողից:

Օգոստոսին դատարանը պետք է որոշի, արդյոք Motorola-ն արդար հիմունքներով է կատարում արտոնագրերի լիզենզավորման իր պարտավորությունները:

Ընկերությունը 2012թ.-ին 12,5 միլիարդ դոլլարով ձեռք է բերվել Google ինտերնետ-կոնցեռնի կողմից: Գործարքը մասնավորապես կնքվել է Motorola-ի արտոնագրերը ձեռք բերելու նպատակով: Սակայն հիմա Motorola-ի տեխնոլոգիաների գնի իջեցումը Google-ի համար կարող է խոչնդոտ դառնալ մյուս գործընկերների հետ շահավետ գործարքներ կնքելու հարցում: