Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան փոխհատուցման ծավալը, ներառյալ աշխատավարձը, բոնուսներն ու այլ վճարումները, 2012 թվականի արդյունքներով 1,99 միլիոն դոլար է եղել՝ 16 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, վկայում են Facebook-ի՝ ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը։

Ցուկերբերգի բազային աշխատավարձը 2012 թվականին 503,2 հազար դոլար է եղել, տարեկան բոնուսը՝ 266,1 հազար դոլար, իսկ 1,22 միլիոն դոլար նա ծախսել է անձնական թռիչքների ու թիկնազորի համար։ 2013 թվականի հունվարի 1-ից Facebook-ի ղեկավարի բազային աշխատավարձն իր սեփական նախաձեռնությամբ  կլինի 1 ԱՄՆ դոլար. այդպիսով նա իր եկամուտներն ուղիղ կախվածության մեջ է դնում ընկերության ֆնինանսական արդյունքներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ցուկերբերգի ներկայիս մասնաբաժինը Facebook-ում գնահատվում է մոտ 16,4 միլիարդ դոլար, իսկ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում նա 70-րդ տեղն է զբաղեցնում։

Facebook-ի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերը 2012 թվականի արդյունքով շարունակում է մնալ օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը։ Նա կստանա մոտ 26,2 միլիոն դոլար, որից 321 հազարն աշխատավարձն է, 276,7 հազարը՝ բոնուսները, իսկ մնացածը՝ պարգեւատրում՝ Facebook-ի ակցիաների տեսքով։

Facebook-ի տեխնիկական տնօրեն Մայք Շրեֆերը 2012 թվականին կստանա մոտ 20,7 միլիոն դոլար, իսկ ֆինանսական տնօրեն Դեւիդ Էբերսմանը՝ 17,5 միլիոն դոլար։