Իրանական «Aria Air» ավիաընկերության գործունեությունը, որին պատկանող «ԻԼ-62M» ինքնաթիռը վթարի է ենթարկվել, դադարեցվել է երկրի իշխանությունների կողմից, մինչեւ դեպքի պատճառների պարզումը: Այ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:
Իրանի քաղավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն հայտնել է, որ նախօրեին երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Մեշխեդ քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել բարձր արագությունը` վայրեջքի ժամանակ:
Գործակալության տվյալներով, ավիավթարի զոհերից մեկը ավիաընկերության գործադիր տնօրեն Մեհդի Դեպրեյն է եղել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «ԻԼ-62M» ինքնաթիռը չվերթ է կատարել Թեհրանից Մեշխեդ, որի ընթացքում վթարային վայրեջքի ժամանակ դադարել են գործել արգելակները: Ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց եւ բախվել օդանավակայանի պարիսպներին: Բախման արդյունքում ինքնաթիռում հրդեհի ուժեղ բռնկում է տեղի ունեցել, որն էլ մոտ 30 ուղեւորների մահվան պատճառ է դարձել:




























