Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ապրիլի 30-ին Երեւանում ստորագրել են Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ԻԻՀ գլխավոր դատախազ Գոլամհուսեյն Մոհսենի Էժեին:
Ինչպես նշել է Աղվան Հովսեփյանը փաստաթղթի ստորագրման արարողությանը, կողմերը բարի կամք են ցուցաբերում իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար: Հայաստանն ու Իրանն ակտիվորեն համագործակցում են տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, զարգանում է ապրանքաշրջանառությունը, ավելանում է զբոսաշրջային հոսքը, ուստի հատկապես կարեւոր է կարգավորել հարաբերություններն իրավական ոլորտում: «Ստորագրված փաստաթուղթը հնարավորություն է տալիս երկու երկրների դատախազությունների միջեւ ուղղակի համագործակցության համար, այլ ոչ դիվանագիտական խողովակներով, ինչպես դա արվել է նախկինում: Այսկերպ, բոլոր հարցերը լուծվելու են արագ եւ արդյունավետ»,- նկատել է Հովսեփյանը:
Իր հերթին, ԻԻՀ գլխավոր դատախազը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նկատել է, թե երկու երկրների հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում, շփումները բոլոր ոլորտներում զարգանում են, բայց առանց իրավական ոլորտի դրանք ամբողջական լինել չեն կարող:




























