Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մայիսի 2-ին, ընդունել է Իրանի գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանն համոզմունք է հայտնել, որ ԻԻՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Հայաստան կխթանի փոխվստահության վրա հիմնված հայ-իրանական փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Նա կարեւորել է երկկողմ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում` նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում կյանքի են կոչվում, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն էլ ավելի խորացնելու երկուստեք հաստատակամության մասին:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, եւ գոհունակություն հայտնել վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում գրանցված դրական տեղաշարժի կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը, ինչը, ցավոք, չի նկատվում մեր մյուս հարեւանների կողմից:

ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` բարձր գնահատելով հայ-իրանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: Նրա համոզմամբ` կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարելի է համագործակցությունը ակտիվացնել եւ զարգացնել: ԻԻՀ գլխավոր դատախազը կարեւորել է նաեւ համագործակցությունը խորհրդարանների միջեւ եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: