Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում շատ կարեւոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, եւ հենց նա է իրական քայլեր իրականացնում այդ ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ին ասաց իրանագետ Վարդան Վոսկանյանը` անդրադառնալով Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի` Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիզ Մեհթիեւի հետ հանդիպմանն արված հայտարարությանը:«Սակայն կարեւոր եւ, իմ կարծիքով, խրախուսանքի արժանի են տարածաշրջանի կայունությանն ուղղված իրանական կողմի մշտական ջանքերը, հայտարարություններն ու առաջարկները»,- նշեց Վարդան Վոսկանյանը` ընդգծելով, որ հենց այդ տեսանկյունից է հարկավոր դիտարկել իրանական պաշտոնատար անձանց հայտարարությունները:Նրա խոսքերով` հայկական կողմը, իհարկե, մշտապես դրականորեն է արձագանքել նման հայտարարություններին եւ պատրաստակամություն է հայտնում ցանկացած միջնորդական նախաձեռնություն ընդունել, որը մեր տարածաշրջանին խաղաղություն եւ կայունություն կբերի:
«Անկասկած, ժամանակին իրանական կողմի միջնորդական գործողությունները բավականին արդյունավետ էին: Եւ թեեւ այսօր ադրբեջանական կողմը, ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից, բացահայտ չի մերժում իրանական նախաձեռնությունը, սակայն Ադրբեջանը երբեք ոչ մի միջնորդություն չի ընդունի Իրանի մասնակցությամբ»,-եզրափակեց Վոսկանյանը:Հիշեցնենք, որ օրերս Լարիջանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:



























