ԱՄՆ-ը միտված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը բազում ոլորտներում, հատկապես գիտության եւ տեխնոլոգիաների: Այդ մասին իր նոր միկրոբլոգում պատմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա Հայաստանի ապագան տեսնում է գիտելիքահենք տնտեսության մեջ, եւ դրանում մեր երկրին կօգնի միջազգային համագործակցությունը: Տարատեսակ ծրագրերի, այդ թվում կրթության ոլորտում փոխանակման միջոցով ԱՄՆ դեսպանատունը ընդլայնում է համագործակցությունն ընկերությունների եւ անձանց հետ գիտության ոլորտում:
Նման նախագծերից է ամերիկյան «National Instruments» ընկերության եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջեւ համագործակցությունը, որի նպատակը ազգային ճարտարագիտական լաբորատորիայի ստեղծումն է:
Վերջին նախագծերի մեջ դեսպան ընդգծել է նաեւ Imagine Cup Armenia 2013 մրցույթը, որ կազմակերպել էր Հայաստանում Microsoft-ի նորարարական կենտրոնը:











