«Սկոլկովո» հիմնադրամի ավագ փոխնախագահ Ալեքսեյ Բելտյուկովը հեռացվել է աշխատանքից մինչեւ կհարթվի իրավիճակը` կապված պատգամավոր Իլյա Պոնոմարյովին գումարներ տրամադրելու քրեական գործի հետ:
«Ալեքսեյ Բելտյուկովը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից: Դա տեղի է ունեցել նախքան մայիսյան տոները: Ներկայումս ավագ փոխնախագահի պարտականությունները կատարում է այլ աշխատակից»,-«ՌԻԱ Նովոստիին» պատմել է «Սկոլկովո» հիմնադրամի աղբյուրը:
«Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Ալեքսանդր Չերնովը «Ինտերֆաքսին» հաղորդել է, որ «դա տեխնոլոգիական ընթացակարգ է` աշխատանքից ազատում չէ, այլ պարտականություններից ժամանակավոր հեռացում` սեփական կամքով»:
Հետաքննության վարկածով՝ Բելտյուկովն ապօրինաբար Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովին է տրամադրել 750 հազար դոլար հիմնադրամի միջոցներից: Քննչական կոմիտեի տեղեկությունների համաձայն, Բելտյուկովը փորձել է թաքցնել գումարի կորուստը` հիմնադրամի անունից պայմանագրեր կնքելով պատգամավորի հետ:
Հայտնի է դարձել նաեւ, որ Պոնոմարյովը որպես վկա հարցաքննության է կանչվել Քննչական կոմիտե` կապված հիմանդրամի միջոցների ծախսերի հետ:




























