Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 23:06-ին կայացելէ եվրոպական Vega հրթիռակրի մեկնարկը, որը հաջողությամբ երեք արբանյակ է դուրս բերել ուղեծիր, այդ թվում՝ էստոնական առաջին ESTCube-1 արբանյակը, եվրոպական Proba-V-ն եւ վիետնամական VNREDSat-1A-ն:
Մեկնարկը պետք է կայանար մայիսի 4-ին, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել էր:
Էստոնական առաջին արբանյակն ընդամենը մեկ կիլոգրամ է կշռում եւ ստեղծվել է էստոնացի ուսանողների կողմից՝ Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ուսանողների, ինչպես եւ էստոնացի, ֆին եւ գերմանացի գիտնականների հետ համագործակցությամբ: Արբանյակն ունի էլեկտրական առագաստ, որի օգնությամբ ապագայում նախատեսում են վերադարձնել արբանյակները:
Proba-V (Vegetation) արբանյակը տիեզերքից կդիտարկի Երկրի բուսածածկույթի, կենսոլորտի եւ գյուղատնտեսական ցանքատարածությունների վիճակը: Վիետնամական VNREDSat-1A-ի հիմնական առաջադրանքը Երկրում կլիմայական փոփոխություններին հետեւելն է, նաեւ՝ տարերային աղետների մասին նախազգուշացնելը, հայտնում է lenta.ru-ն:
Vega հրթիռակիրը ստեղծվել է 1998թ.՝ եվրոպական եւ իտալական տիեզերական գործակալությունների համագործակցությամբ: Առաջին մեկնարկը հաջողությամբ կատարվել էր 2012թ. փետրվարի 13-ին՝ կրկին Կուրու տիեզերակայանից:











