Ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը» այս տարի կանցկացվի հունիսի 21-22-ը` «խելացի լուծումներ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Ֆորումի ընթացքում կներկայացվեն ծառայությունների մատուցման եւ արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման եւ սպասարկման, շուկայի ուսումնասիրության եւ վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր և այլն:
Ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ եւ կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման եւ Շուկայի Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար:




























