Ամերիկյան կենսատեխնոլոգներն առաջին անգամ ցողունային վերածրագրավորված բջիջներ են օգտագործել` նոր ոսկրերի աճեցման համար, որոնք կարող են փոխարինել մարդու մարմնի վնասված ոսկրերին: Նյու Յորքի ցողունային բջիջների հիմնադրամից Ջուզեպպե դե Պեպպոն հայտարարել է, թե առ այսօր որեւէ հետազոտական խումբ հոդված չի հրապարակել, որոնք կպատմեին մարդկային ոսկրերի աշխատունակ եւ կենսունակ կրկնօրինակների մասին:
Այս փաստը գիտնականներին մոտեցնում է վերջնական նպատակին` հիվանդների բուժման բացառիկ եւ ունիվերսալ մեթոդների ստեղծմանը: Գիտնականները հաջողությամբ աճեցրել են ոսկրային լիակատար հյուսվածքի մասերը:
Հետազոտողները փորձեր են արել եւ վերածրագրավորել ցողունային բջիջները, որոնք աճեցվել էին մարդկային մաշկի բջիջներից: Նրանք հետեւել են iPSC-բջիջների աճին, նաեւ նշել են, թե ինչպես միջավայրի քիմիական կազմը կարող է ազդել նրանց հետագա փոփոխությունների վրա:
Նրանք մի քանի օրինակ են աճեցրել, որոնք պատվաստվել են լաբորատոր առնետներին: Ըստ գիտնականների, իրենք բարձրորակ նմուշներ են աճեցրել:




























