Իրանի պետական եւ քաղաքական հայտնի գործիչ- թեկնածուներ նախագահական ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել: Ընտրությունները կկայանան հունիսի 14-ին: Թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվել է երեքշաբթի օրը եւ կշարունակվի մինչեւ շաբաթ օրը՝ մայիսի 11-ը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտ ներկայացրած թեկնածուների թվում են Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ու իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ նախկին բանագնաց Հասսան Ռոուհանին, գիտական հարցերով Իրանի նախկին փոխվարչապետ Սադեք Վաեզզադեն, առողջապահության նակին նախարար Քամրանբաքեր Լանքարանին, Իրանի քաղաքաշինության եւ բնակֆոնդի նախկին նախարար Մոհամմեդ Սաիդիկիան եւ Մեջլիսի 8-րդ եւ 9-րդ գումարման պատգամավոր Մոսթաֆա Քավաքեբիյանը:
Սահմանադրության համար նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի հետեւյալ պահանջներին՝ իրանական ծագում եւ քաղաքացիություն, կազմակերպչական հմտություններ, լավ կենսագրություն ունենա, հավատացյալ լինի, հավատարիմ լինի Իսլամական Հանրապետության հիմքերին եւ երկրի պաշտոնական կրոնի սկբունքներին:
Իրանի ՆԳՆ մայիսի 22-23-ը կհայտարարի այն թեկնածուների անունները, ովքեր կմասնակցեն ընտրություններին, մայիսի 24-ին կսկսվի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին: Հունիսի 13-ը կլինի «լռության օր», երբ որեւէ քարոզչություն արգելված է:




























