Թեհրանում սկսվել է երկրի նախագահի պաշտոնի հավակնորդների գրանցումը. հայտերի ընդունումը կտեւի 5 օր:

Նախագահի թեկնածուները հավանություն պետք է ստանան Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որը կազմված է կրոնական գործիչներից եւ խորհրդարանի կողմից նշանակված իրավաբաններից: Նախագահի թեկնածուների ցանկը կհրապարակվի մայիսի վերջին, իսկ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին, հաղորդում է Associated Press-ը:

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ արդեն երկու ժամկետ նախագահել է: Սպասվում է, որ նա նախագահի պաշտոնում կառաջադրի իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշեին: Ավելի վաղ Ահմադինեժադը սպառնացել էր չեղյալ հայտարարել ընտրությունները, եթե դրանք արդար չհամարի:

BBC-ի փոխանցմամբ՝ արդեն գրացված թեկնածուների շարքում ավելի շատ են պահպանողականները, քան՝ բարեփոխականները: Իրանի օրենքների համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն շիա մահմեդական տղամարդիկ, ովքեր զբաղվում են հասարակական գործունեությամբ, ունեն Իրանի քաղաքացիություն եւ կիսում են Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքները:

Հավելենք, որ նախորդ նախագահական ընտրություններն Իրանում տեղի են ունեցել 2009-ին, որի ժամանակ գրանցվել էին 475 թեկնածուներ, սակայն Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել էր նրանցից միայն 4-ին: