Ամերիկացի գիտնականները հրապարակել են այսպես կոչված «հերոինի դեմ պատվաստանյութի» մինչկլինիկական փորձարկումների առաջին արդյունքները, հայտնում է ABC-ն: Ուսումնասիրությունն անցկացրել են Scripps գիտական ինստիտուտի գիտնականները:
«Պատվաստանյութն ինքն է արյունատար համակարգում գտնում հերոինն ու դրա հոգեմետ տարրերը եւ կանխում ուղեղին դրանց մատակարարումը», - գրված է The Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում: Առայժմ փորձարկումները կենդանիների վրա են կատարվել: Գիտնականներն ապացուցել են, որ այն առնետները, որոնց մոտ նախապես հերոինի թմրամոլություն էին առաջ բերել, պատվաստանյութի ներարկումից հետո ընդհանրապես չէին օգտվում առաջարկված հերոյինից:
«Եթե մարդկանց վրա փորձարկումները հաջող լինեն, պատվաստանյութը կարող է հերոինից կախվածության բուժման հիմնական տարր դառնալ, որով, ըստ որոշ տվյալների, տառապում է ավելի քան 10 մլն մարդ», - ասված է հոդվածում, գրում է InoPressa-ն:
Կոկաինի եւ նիկոտինի պատվաստանյութերը, որոնք մշակվել են նույն մեթոդով, արդեն կլինիկական փորձարկումների փուլում են: Հերոինի հետ կապված լրացուցիչ բարդություն կա. Ներարկումից հետո այն արագ տարալուծվում է արյան մեջ:




























