Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը միացել է Իսրայելի այսպես կոչված ակադեմիական բոյկոտին: Նա հրաժարվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հովանավորությամբ անցկացվող կոնֆերանսին մասնակցելուց՝ ի նշան պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունների դեմ բողոքի: Կոնֆերանսը նշանակված է  հունիսին:

The Guardian-ը գրում է, որ կոնֆերանսը կրում է «Վաղվան ընդառաջ» խորագիրը: Սպասվում է, որ դրա հյուրերն են լինելու բազմաթիվ հանրահայտ անձինք: Միջոցառման շրջանակում նախատեսվում է տոնել Պերեսի 90-ամյա հոբելյանը: 

Հոքինգը հրաժարվել է կոնֆերանսին մասնակցելուց դեռ մեկ շաբաթ առաջ, սակայն իր որոշման մասին այն ժամանակ պաշտոնապես չէր հայտնել: Գիտնականի հայտարարությունն իր համաձայնությամբ  հրապարակել էր Պաղեստինի համալսարանների Բրիտանական կոմիտեն: Ըստ ֆիզիկոսի՝ ինքը որոշել է միանալ բողոքին՝ հիմնվելով Պաղեստինի մասին իր գիտելիքների եւ այդ երկրի իր գիտնական գործընկերների միաձայն խորհրդի վրա, գրում է  «gazeta.ru»-ն:

Ակադեմիական բոյկոտը հայտարարվել էր ապրիլին: Եվրոպական կազմակերպություններից  դրան առաջինը սատարել էր Իռլանդիայի դասախոսների արհմիությունը, իսկ ԱՄՆ-ում բողոքին աջակցել են Association for Asian American Studies-ի անդամները: