«Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանում կանեփ ծխելու մասին հոդվածը կրկին հայտնվել է արգելված կայքերի ռեեստրում, որոնք Ռուսաստանի տարածքում ենթակա են արգելափակման:
Zapret-info.gov.ru կայքի տվյալները վկայում են, որ հոդվածն այդտեղ հայտնվել է մայիսի 7-ին, իսկ ռեեստրում այն ընդգրկելու վճիռ կայացրած մարմին է նշվում Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայությունը: Vikimedia.ru-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության կողմից ուշադրության է արժանացել հոդվածում կանեփի բաղադրության մեջ տետրահիդրոկանաբինոլի տոկոսային պարունակության վերաբերյալ հրապարակված տեղեկությունը: Ընդ որում՝ Կոզլովսկին ընդգծել է, որ այդ տվյալները վերցվել էին հենց վերոնշյալ ծառայության կայքից, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ կանեփ ծխելու վերաբերյալ հոդվածը նախկինում էլ էր ընդգրկվել արգելված կայքերի ռեեստրում: Ռոսկոմնադզորը կարծում էր, որ հոդվածը «տեղեկատվություն է պարունակում թմրանյութերի մշակման, պատրաստման եւ օգտագործման մեթոդների վերաբերյալ»: Ավելի ուշ, երբ գերատեսչության պահանջները կատարվել էին, «Վիքիպեդիայում» հոդվածը հանել էին արգելված հատվածից:




























