«Ռետինե Նորույթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2010 թ. համաձայնագիր է ստորագրել Իրանի  «IMAN LARZEH» կազմակերպության հետ եւ 2011 թ. ՀՀ տարածք է ներմուծել 47 կոմպլեկտ սեյսմիկ ռետինամետաղական հենարաններ: Ապրանքը Հայաստան էր ներմուծվել «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

2012 թ.  մարտին վերը նշված կազմակերպության հետ կնքվել է արդեն մեծածավալ արտահանման պայմանագիր, որով պատվիրատուն պատրաստվում էր առանձին խմբաքանակներով Հայաստանից Իրան արտահանել մինչեւ 1500 կոմպլեկտ սեյսմիկ ռետինամետաղական հենարաններ: Սակայն պայմանագրի ժամկետի փոփոխման հետեւանքով` անհրաժեշտություն է առաջացել «Ռետինե նորույթ» ընկերության կողմից ներկրված 21.6 տոննա սինթետիկ կաուչուկի հատուկ մաքսային ռեժիմը երկարաձգել 6 ամսով :

ՀՀ կառավարությունն այսօր` մայիսի 8-ին կառավարության նիստում հավանություն տվեց «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգելու նախագծին: